Ses ouvrages en arménien | Ses ouvrages en français | Ses ouvrages en anglais |
L'auteur / Հեղինակ | |
Ծնվել է 1841թ. փետրվարի 11(23)ին, Կ. Պոլսում: Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, 1851-ից ուսումը շարունակել Հռոմի Անտոնյանց Ս. Լուսավորիչ վանքում, 1858-ից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում: Նույն թվին ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան՝ նշանակվել է Հռոմի Քարոզչության դպրոցում հայերենի ուսուցիչ: 1866-ին վերադարձել է Կ. Պոլիս, նշանակվել Անտոնյանց միաբանության քարտուղար, իսկ 1867-ին՝ ստանձնել Հռոմի Անտոնյանց վարժարանի տեսչի պաշտոնը: 1868-ին Հռոմում ստացել է իմաստասիրության, աստվածաբանության և եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ: 1870-ին խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից, վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ զբաղվել է հրապարակախոսությամբ՝ ֆրանսիական և հայկական թերթերում տպագրած հոդվածներով բացահայտ պայքարել հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ կաթոլիկների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ: Այդ շրջանում է գրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու և հայոց վեճը լուսաբանող աշխատություններ, ինչպիսիք են՝ «Արևելյան հայ-կաթողիկե հայերը» (1870, իտալերեն), «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունը և քաղաքացիական իրավունքները» (1872, ֆրանսերեն), «Ռևերսորուս կամ Հայք և պապություն» (1872, իտալերեն), «Վատիկան և Հայք» (1873, ֆրանսերեն) գրքերը, որոնք 1874-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկի մեջ: 1875-ին Իտալիայում հանդիպել է երկրի ազգ-ազատագրական պայքարի ղեկավար Ջ. Գարիբալդիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր: 1876-ին վերջնականապես որոշել է խզել իր կապերը Վատիկանի հետ և հրաժարվել է կաթոլիկությունից: 1877-ին դիմել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես արք. Վարժապետյանին՝ Հայ եկեղեցու գիրկը դառնալու խնդրանքով: 1879-ին Կ. Պոլսի Գումգափուի Մայր եկեղեցում Վարժապետյան պատրիարքի ձեռքից ստացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան: Հայ եկեղեցու ծոցում իր գործունեությունն սկսել է որպես քարոզիչ Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: 1880-ին նշանակվել է Կարինի թեմի առաջնորդ, վճռական դեր խաղացել Կարինի Սանասարյան վարժարանի բացման (1881) գործում, ստանձնել վարժարանի տեսչական մարմնի նախագահությունը, կապեր հաստատել իր աթոռանիստ Կարինում 1881-ին ստեղծված «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական գաղտնի կազմակերպության ղեկավարների հետ, աջակցել նրանց կազմակերպչական աշխատանքներում: 1886-ին Ս. Էջմիածնում Մակար Ա. Թեղուտցի կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս: 1887-ին թողել է Կարինի առաջնորդությունը և Մակար Ա Թեղուտցու կոնդակով հրավիրվել Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում աստվածաբանություն դասավանդելու: Նրա շնորհիվ ճեմարանում դասավանդվող աստվածաբանական առարկաների հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջանում: Օրմանյանի միջնորդությամբ եվրոպական համալսարաններում իրենց կրթությունն են շարունակում ճեմարանական իր սաները` Կոմիտաս վարդապետը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Կարապետ Տեր-Մկրտչյանը, Գևորգ Զ Չորեքչյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և այլն: Օրմանյանի ազատագրական տոգորումները և ազատախոհ ճառերը գրավել են ցարական իշխանությունների ուշադրությունը, և նա, ռուսահպատակ չլինելու պատրվակով, արտաքսվել է ռուսական կայսրության սահմաններից: 1889-ին վերադարձել է Կ. Պոլիս և նշանակվել Արմաշի վանքի վանահայր և իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ: Օրմանյանը Կ.Պոլսի հայոց պատրիարք է ընտրվել սուլթան Աբդուլ Համիդ II-ի արյունոտ բռնապետության պայմաններում, երբ Կ. Պոլսում ու Արևմտյան Հայաստանի նահանգներում սկսվել էին հայկական ջարդերն ու տեղահանությունները: Ստեղծված իրավիճակում Օրմանյան պատրիարքը հնարավոր միջոցներով փորձել է մեղմացնել Աբդուլ Համիդ II-ի՝ հայերի դեմ ունեցած ատելությունը, կանխել ավելի մեծ աղետները և քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել: Նա իր զգույշ և պահպանողական քաղաքականությամբ առաջ է բերել Կ. Պոլսի ազգային որոշ շրջանակների, ինչպես նաև՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականության մի մասի դժգոհությունը և հանիրավի ամբաստանվել է: 1906-ին, Հայոց Ազգային սահմանադրության վերաքննման և, փաստորեն, արգելման վերաբերյալ Աբդուլ Համիդ II-ի հրամանի առիթով Օրմանյանը սուլթանին ներկայացրել է հրաժարական, որը չի ընդունվել: 1908-ի հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և Օրմանյանինին հայտարարել պաշտոնանկ: «Հիշատակագիրք երկոտասանամյա պատրիարքության» գրքում (1910) նա հերքել է իր դեմ եղած ամբաստանությունները: 1913-ի հունվարի 3-ին Ազգային երեսփոխանական ժողովը, որտեղ ի պաշտպանություն Օրմանյանի ճառով հանդես է եկել գրող Գրիգոր Զոհրապը, արդարացրել է նախկին պատրիարքին: Նույն թվին Օրմանյանն ընտրվել է եկեղեցական համագումարի պատգամավոր, կրոնական ժողովի անդամ և ապա՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, բայց հրաժարվել է ստանձնել այդ պաշտոնը: 1914–17-ին Օ. Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում վարել է մի շարք պաշտոններ, դասավանդել ժառանգավորաց վարժարանում: 1918-ին վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ և վախճանվել է: |
|
Retour à l'Index des auteurs en arménien Accueil des catalogues en ligne |